Լյուդվիգ Ղարիբջանյանը ծնվել է 1922 թվականին Երևանում։ 1930-1940 թվականներին սովորել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1951 թվականին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 1960 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1975 թվականին Ղարիբջանյանին շնորհվել է դոցենտի, 1990 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1943 թվականից ԽՄԿԿ անդամ։
Զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ. եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի, ապա` Երքաղկոմի առաջին քարտուղար։ 1951-1953 թվականներին և 1957-1961 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի կուսկոմիտեն, 1953 թվականին եղել է ՀԿԿ Երքաղկոմի III քարտուղար, այնուհետև` ՀԿԿ Կենտկոմի պատասխանատու կազմակերպիչ, 1954-1957 թվականներին` ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի I քարտուղար, 1961-1966 թվականներին` ՀԿԿ Երքաղկոմի II, 1966-1975 թվականներին` I քարտուղար, 1975-1988 թվականներին` ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար, 1988-1992 թվականներին` նախարարի առաջին տեղակալ, 1992-2007 թվականներին` Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն։ 1958 թվականին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի, 1966-1976 թվականներին` Կենտկոմի բյուրոյի անդամ, եղել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների մի շարք գումարումների պատգամավոր։
Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1944-1947 թվականներին դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1945 թվականից` Երևանի պետական համալսարանում։
Գիտական աշխատանքների, մենագրությունների ու գրքերի հեղինակ է[2][3][4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 32)։